Հայաստանի ՊՆ N զորամասում դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նրա մահը վրա է հասել դեղերի ռեակցիայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորայրի հայրը` Նվեր Սահակյանը: «Բժիշկների հետ հանդիպման ընթացքում, երբ հարցրեցինք, թե ինչ են ներարկել, քույրն ասաց հեղուկ: Երբ ասացինք. ինչ հեղուկ, ասաց սովորական հեղուկ: Ինչին ի պատասխան կինս էլ հարցրեց, թե միգուցե ջո՞ւր են ներարկել: Սակայն այդպես էլ պատասխան չտվեց»,- ասաց Նորայր Սահակյանի հայրը եւ ավելացրեց, որ Նորայրին հոսպիտալ ներարկումներից հետո ռեակցիայի ախտորոշմամբ են ընդունել:
Հարցին, թե բժիշկները պատասխանատվության ենթարկվե՞լ են, նա պատասխանեց. «Բժիշկներից մեկը՝ Կարեն Ջուլհակյանը, գինեկոլոգ է եղել եւ խիստ նկատողություն է ստացել, աշխատանքից ազատվել է ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանը՝ պատասխանատու բժիշկը: Սակայն պետք է պատասխան տա նաեւ գինեկոլոգը, ով ջերմությամբ երեխային ուղարկել է Ղարաբաղ: Նրան տանող բժիշկը, Խոջալուի հերթապահ բժիշկը, որը որ ոչ մի միջոց չի ձեռնարկել, իսկ մյուսներինը քննությունը ցույց կտա, թե ինչի են դեղերը ռեակցիայի մեջ մտել»,- ասաց Նվեր Սահակյանը՝ հավելելով, որ միայն աշխատանքից ազատմամբ չեն սահմանափակվի եւ պահանջելու են, որ քրեորեն եւս պատասխանատվության ենթարկվեն:
«Ես 18 տարեկան տղա եմ կորցրել: Իմ մեծ տղան էր: 3-6-5-10 տարին շատ քիչ պատիժ է նրանց համար: Ինչ նկատողության կամ աշխատանքից ազատվելու մասին է խոսքը: Այդ բժիշկները նաեւ լիցենզիայից պետք է զրկվեն, որովհետեւ դրանք բժշկի խալաթով, ոչ թե Հիպոկրատի, այլ սատանայիի երդում տված մարդիկ են»,- ընդգծեց զինվորի հայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանը դեկտեմբերի 21-ին էր մեկնել ծառայության եւ հանկարծամահ չի եղել, ինչպես նախապես տեղեկացրել էր ՊՆ-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նորայրի հորաքույրը` Թամարա Սահակյանը: «Հանկարծամահություն չի եղել: Նորայրը շատ առողջ երեխա է եղել: Ավելին` մինչեւ ծառայության մեկնելը բժշկական հանձնաժողովը ստուգել է նրան: Ի՞նչ է ստացվում է, որ բժշկական հանձնաժողով չի եղել, չեն ստուգել` հիվա՞նդ է, թե՞ ոչ»,- նշել էր հորաքույրը: Հորաքույրը նաեւ տեղեկացրել էր, որ Նորայրը սպորտով` բռնցքամարտով է զբաղվել եւ պարբերաբար մրցումների է մասնակցել: «Իր գնալուց առաջ «Օդնոկլասնիկի»-ում էջ բացեց եւ իր մրցումների նկարները տեղադրեց այնտեղ»,- պատմել էր հորաքույրը: Ինչ վերաբերում է դեպքի մանրամասներին եւ պատճառներին, ապա հորաքրոջ փոխանցմամբ` երեխան վատացել է ճանապարհին: «Գրում են, թե վատանալուց հետո նրան հետ են բերել Երեւան: Այնինչ` երեխայի դիակը Ղարաբաղից են բերում: Ստացվում է երեխայի դիակն են տարել Ղարաբաղ: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ բան են լսել: «Նախ ասում են ճանապարհին վթար է եղել: Հետո Գազելներից մեկի անիվն է դուրս թռել եւ երեխաները իրար վրա են լցվել: Նորայրը ասել է, որ իրեն շատ վատ է զգում, բայց շատ անտարբեր են եղել: Հասնելով տեղ տեսել են, որ Նորայրի տաքությունը շատ բարձր է: Սրսկել են, ինչից հետո էլ չի արթնացել: Շատ հնարավոր է, որ սրսկելուց լինի, հակառակ դեպքում երեխայի սիրտը ինչից է մեծացել»,- նշել էր հորաքույրը: Հարկ է նկատել, որ Նորայրը նույնիսկ զորամաս չի հասել: Նրան տարել են Խոջալու, որ այնտեղից ցրեն եւ հենց Խոջալուի հոսպիտալում էլ նման դժբախտություն է տեղի ունեցել: Նորայրի հորաքրոջից տեղեկացանք, որ նա 3 եղբայր էլ ունի, իսկ ինքը ընտանիքի մեծն էր:




























