Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը առայժմ չի մեկնաբանում Գյումրիի նախկին եւ ներկա քաղաքապետների վարքը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Հարցին, թե չեք կանչել, զրուցել նրանց հետ, նա պատասխանեց` «ինչ էլ որ անում եմ, չեմ ասում»:

Դիտարկմանը, թե որպես նախկինում ուժային կառույցում աշխատած մարզպետ, կարող եք վստահեցնել, որ թույլ չեք տա` հակամարտությունը հասնի արյունահեղության, մարզպետը խորհուրդ տվեց «դիմել օրգաններին»: «Ես հիմա օրգանում չեմ աշխատում»,- ասաց Շիրակի մարզպետը:

«Միայն մեկ բան կասեմ, ես միայն խաղաղության եւ հանդուրժողականության կոչ եմ անում, որովհետեւ բոլոր հարցերը կարող են լուծվել այդ մթնոլորտում»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ  Գյումրիում կրքերը չեն հանդարտվում, նախկին եւ ներկա քաղաքապետները` Վարդան Ղուկասյանը եւ Սամվել Բալասանյանը շարունակում են միմյանց վիրավորել եւ մեղադրանքներ ներկայացնել: Այս անգամ ամեն ինչ սկսվեց մարտի 15-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որի ժամանակ նա բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին հասցեին: Նա, միաժամանակ, անդրադարձել է իր ղեկավարած տարիներին` շեշտելով, թե ինչքան աշխատանք է կատարել եւ թե ինչպես էր պահում Գյումրին, մեկնաբանել իր անձի հետ կապվող ֆինանսական չարաշահումները, իրեն ներկայացվող մեղադրանքները: Վարդան Ղուկասյանը նշել է, որ ինքը բանավեճի է հրավիրել Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս չի ներկայացել: «Ես չէի էլ կասկածում, որ հանկարծ կներկայանան այդ մարդիկ, որովհետեւ երբ որ լույսը դուրս է գալիս, խավարը փախչում է»,- նշել է նա Դրան հաջորդել է Գյումրիի քաղաքապետի լրատվական ծառայության հայտարարությունը, որտեղ նշվել է, թե «անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, եւ Գյումրիի քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից եւ խայտառակի գյումրեցու բարի համբավը»: Գյումրիի քաղաքապետարանի այս հայտարարությանը պատասխանել է Վարդան Ղուկասյանի գրասենյակը` նշելով, թե « հանրապետության 2-րդ քաղաքը դատապարված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրիի քաղաքապետ»: