«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 3 օր առաջ հացադուլ հայտարարած Սիլվա Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՄԻՊ-ի աշխատակազմից:
Օմբուդսմենի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ հետ առանձնազրույցի ընթացքում Սիլվա Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` մարտի 17-ին, դադարեցրել է հացադուլը, իսկ նրա անչափահաս երեխաները բնակվում են ընկերուհու տանը: Ինչ վերաբերում է նրա երեխաներից մեկի կորելու փաստին, Սիլվա Խաչատրյանը հերքել է այդ տեղեկատվությունը` ասելով, որ նման բան չկա: Նա նաեւ հայտնել է, որ իր դստեր 16 տարին լրացել է, սակայն նրան անձնագիր չեն տալիս` պատճառաբանելով հաշվառում չունենալու հանգամանքը: Սիլվա Խաչատրյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դիմում է ներկայացրել Պաշտպանին, որտեղ, մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել քրեական գործով նախաքննության եւ դատական քննության ընթացքի վերաբերյալ: Վերջինիս դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում:




























