Այն, ինչ ներկայացրել է Սերժ Սարգսյանը, չի համապատասխանում իրականությանը, սակայն հնարավոր է, որ դրանում մեղավոր է նրա վախկոտ շրջապատը, ուստի, այդ պատճառով ես տեղի ունեցածին գնահատական չեմ տա: Այդ մասին այսօր` մարտի 19-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսում հայտնել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսում հնչած մտքերը:
«Եթե չլինի համապետական լուծում, եթե չլինի իրավական լուծում, ասենք դատարանը իր հակասահմանադրական վճիռը կայացրել է, եթե չլինի ինքնաբացարկ մինչեւ ապրիլի 9-ին, ուրեմն ապրիլի 9-ին մենք կորոշենք, թե նոր Հայաստանն ինչ է իրենից ներկայացնենք: Այս ուրբաթ ես կներկայացնեմ այն առաջարկները` հանգուցալուծելու այս աննախադեպ, համազգային հիմնախնդիրը: Ես ենթադրում եմ, որ տարբերակներից մեկը կենթադրի ինքնաբացարկ, իսկ մյուսը կլինի համապետական համալիր այլընտրանք»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին` «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Մենք ընտրություններից հետո պիտի գումարենք սահմանադիր ժողով, որով մենք կունենանք խորհրդարանական կառավարում` ամբողջական համամասնական ընտրակարգով: Կներդնենք մարզպետերի, Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը, կունենանք հատուկ դատախազ` նախագահականից անկախ, որը կքննի բոլոր գործերը, որ Հայաստանը նաեւ կանդամակցի միջազգային քրեական դատարանին»: Ըստ Հովհաննիսյանի, Սահմանադրական հանրաքվեն անհրաժեշտ է, «բայց բնավ կարիքը չկա ժողովրդի զարթոնքի հետքերով առաջարկել ինձ, որպեսզի մեկ-երկու տարի ես զբաղվեմ այդ հանրաքվեով ԱԺ այս մեծամասնությամբ: Թող լինի այդ հանրաքվեն, բայց դրա համար Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտ չէ: Բայց դա կապել ժողովրդից գողացված ձայնի հետ, իսկապես ծաղր է»:
«Ես թույլ չեմ տալու, որ կեղծիքն ու սուտը թագավորի մեր երկրում: Եթե պարոն Սարգսյանն ասելիք ունի, այսքանից հետո ես պատրաստ եմ հանդիպելու, լսելու իրեն, բայց որ այլեւս չլինի լեզվակռիվներ, խեղումներ, դրա համար պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, հրապարակում»,- ամփոփել է «Ժառանգության» առաջնորդը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























