Մարտի 18-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանի եւ Կանադայի միջեւ առկա տնտեսական կապերին: Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարեւորել է կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում: Դեսպանը նաեւ կարծիք է հայտնել, որ հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը: