Ի՞նչ է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը: Այդ մասին մարտի 18-ին մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով դիտարկմանը, թե արկածախնդրություն է որակել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը` ԼՂՀ ճանաչման վերաբերյալ:
«Ինչո՞ւ միանգամից կտրուկ էր արձագանքը: Որովհետեւ դա նոր թեմա չի, եւ մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչեւ որոշում ընդունելը, մինչեւ խոսելը չեմ ասում, մինչեւ որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար եւ ո՞ւր է հասնելու»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Ես ուզում եմ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին եւ ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը»:
Ըստ նախագահի, հարցը հռետորական չի, իրական հարց է: «Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ եւ պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին»:
Հարցին անդրադառնալով մյուս կողմից` Սարգսյանը նշել է. «Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարեւոր հանգամանք կա: Այսինքն՝ որեւէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաեւ համանախագահներին: Առավել եւս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որեւէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տեւող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ»,- նշել է նա:
Ըստ Սարգսյանի, պատճառը սա էր, որ ինքը միանգամից կոշտ արձագանքեց, որովհետեւ ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: «Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ եւ ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք եւ մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, եւ մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին եւ ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ»,- նշել է նա:




























