Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի եւ կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Թատրոնում, կինոյում եւ հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում:
Որպես հայրենադարձ հայ արվեստագետ եւ քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին եւ գեղեցիկը, դեպի արարումն ու ստեղծագործությունը:
Ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ապրել մեր մշակութային կյանքի խնդիրներով, մայր թատրոնի մտահղացումներով: Շարունակում եք արժանիորեն վայելել Ձեր հանդիսատեսի՝ մեր ժողովրդի սերն ու հարգանքը, շարունակում եք արժանապատվորեն կրել Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները:
Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:




























