Ակնհայտ է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կորցրել է իր ազդեցությունը Վրաստանում, թեեւ երբեմն օգտագործում է իր պաշտոնը: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում նշեց Վրաստանի հարցով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով՝ Վրաստանի ընդհանուր ներքաղաքական իրավիճակը բավական լարված է մնում: «Երկրի ներկա եւ նախկին իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ՝ իրար քննադատելու համար: Բավական է նշել վերջին դեպքը, երբ մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքային խորհուրդը հանդես եկավ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ: Այդ հանգամանքը եւս օգտագործվեց միմյանց քննադատելու համար»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ նախկին իշխանությունները մեղադրեցին Իվանիշվիլիի գործող կառավարությանը, որ վերջինս չի վերահսկում իրավիճակը երկրում, հատկապես ուշադրությունը սեւեռելով Ջավախքի դեպքերին, Վահագն Չախալյանի ազատ արձակմանը: «Այդ ամենն ընկալվել է որպես Վրաստանի հայերի շրջանում անջատողական տրամադրությունների արթնացում»,-ընդգծեց Ալիկ Էրոյանցը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքային խորհուրդը կոչ է արել Վրաստանի խորհրդարանին վավերացնել Եվրոպական լեզուների խարտիան, որը Սահակաշվիլին ստորագրել է 1999 թվականին: Դա թույլ կտա հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրել հայերով խիտ բնակեցված տարածքներում: