Իշխանությունների համար ընդդիմության միասնական շտաբն իրական սպառնալիք կդառնար: Մարտի 19-ին  լրագրողներին նման կարծիք է հայտնել  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ իշխանությունը շտապեց վարկաբեկել այդ գաղափարը՝ միասնական շտաբի վրա փակցնելով բազմաթիվ բացասական պիտակներ, մինչեւ անգամ  «Քոչարյանի նախագիծ»:

«Խորհրդարանական ընտրություններում եթե անգամ չես հաղթում, յուրաքանչյուր հավելյալ տոկոսն օգուտ է: Այդ պատճառով էլ ընտրությունների օրինականության համատեղ վերահսկումը կարող էր օգնել: Եւ իշխանությունը դա շատ լավ էր հասկանում, այդ պատճառով էլ  փորձում էր տապալել այս նախագիծը: Եւ այդ պայքարին, ցավոք, ժամանակին մասնակցում էր եւ «Ժառանգություն» կուսակցությունը», - ասել է Բոզոյանը: Նա հավելել է, որ  ընդդիմության հաջողության կարեւորագույն նախապայմաններից մեկը հենց համատեղ ջանքերն են: 

Իր հերթին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտնել է, որ այսօր իշխանությունների համար ամենակարեւորը քաղաքական կամք ցուցաբերելն է: «Հարեւան երկրի օրինակը՝ Սահակաշվիլին,  կատարյալ մեքենա էր ստեղծել զեղծարարությունների համար: Սակայն նա հասկացավ, որ եկել է հեռանալու ժամանակը, եւ իր մեջ ուժ գտավ թողնելու իշխանությունը», – ասել է Գրիգորյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am