Եվրախորհրդարանի քաղաքական հանձնաժողովի անդամներ Ուլրիկե Լունաչեկը եւ Վեռներ Շուլցը Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ արտգործնախարարին ուղերձ են հղել՝ կոչ անելով դադարեցնել երկրում ազատությունների ոտնահարումը:
«Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ենք հետեւում քաղաքական վերջին իրադարձություններին, ընդդիմադիրների ձերբակալման փաստերին, ՀԿ-ների եւ քաղաքական կուսակցությունների գործունեության օրենսդրական սահմանափակումներին եւ անգամ Ադրբեջանում թրենինգների անցկացման արգելքին»,- ասված է ուղերձում: Պատգամավորները հիշատակում են «Մուսավաթի» փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին եւ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին՝ նրանց կալանքը քաղաքական հետապնդում անվանելով:
Նրանք նաեւ վրդովմունք են հայտնում փետրվարի 12-13-ին Խաչմազ քաղաքում արտասահմանցի մարզիչների մասնակցությամբ թրենինգի ներկաների ձերբակալության կապակցությամբ: Այդ միջոցառումն անցակցվել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի միջազգային նախագծի շրջանակում, հայտնում է contact.az-ը:
«Մենք ձեզ կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել Իլգար Մամեդովին եւ Թոֆիկ Յաղուբլուին, ինչպես նաեւ մյուս ձերբակալված լրագրողներին եւ դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները… Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ ժողովները, լրատվամիջոցները Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնական արժեքներն են եւ պարզապես խոսքեր չեն՝ գրված թղթին, այլ պետք է կիրառվեն», - ասված է ուղերձում:




























