Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունների կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ քննարկումներ են տեղի ունեցել «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ թե միասին, թե առանձին-առանձին, սակայն մոտեցումների տարբերությունները թույլ չտվեցին միավորվել եւ միասնական ցուցակ կազմել:
«Դաշնակցության խիղճը մաքուր է, քանի որ մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի քաղաքական ուժերը համաձայնության գան: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կմասնակցի այդ ընտրություններին, սակայն դա չի նշանակում, որ համագործակցությունը կդադարեցվի: Արդեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո, հնարավոր է, բարենպաստ պայմաններ ստեղծվեն համատեղ աշխատանքի համար»,-ընդգծեց Վարդանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























