Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը կմասնակցի շատ կազմակերպված, եւ կարվի ամեն հնարավորը ընտրողների ձայների առավելագույն քանակ ապահովելու համար: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողներին հայտնել էՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ նախընտրական քարոզարշավը եւ կուսակցության մոտեցումներն այս կամ այն հարցին ընտրողներին կհամոզեն քվեարկել ՀՅԴ-ի օգտին: «Այս անգամ պետք է վստահել Դաշնակցությանը եւ քվեարկել մեր կուսակցության օգտին: Դա մեզ համար պատվի եւ պատասխանատվության հարց է»:
Ի պատասխան հարցին, թե որն է պատճառը, որ քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ՝ Դաշնակցությունը, չեն շտապում ներկայացնել իրենց ցուցակները ԿԸՀ-ում, չնայած որ դիմումների ընդունման ժամկետն ավարտվում է մարտի 21-ին, Վարդանյանը նշել է, որ հավանաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ տեխնիկական խնդիրներ ունի: «Վերջիվերջո, ցուցակները մեծ են, պետք է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կարծում եմ՝ բոլորն էլ ժամանակին կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը»:
Նշենք, որ տվյալ պահին հայտնի է, որ Դաշնակցության ցուցակը գլխավորելու է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը:




























