Կիպրոսի խորհրդարանի նիստը, որի ընթացքում քվեարկության էր դրվելու տեղական բանկերի ավանդների հարկի օրինագիծը, հետաձգվել է մեկ օրով: Այդ մասին հայտնել է Cyprus Broadcasting Corporation-ը (CyBC)` առանց տեղեկատվության աղբյուրը նշելու:

Սկզբնապես որոշված էր, որ խորհրդարանականները քվեարկելու են օրինագծի շուրջ մարտի 17-ին, ապա քվեարկությունը հետաձգվել էր մինչեւ մարտի 19-ի երեկոյան:

Նշենք, որ Կիպրոսի կառավարությունն առաջարկել է հարկումից ազատել փոքր ավանդները:

Հիշեցնենք, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստաիդիսը մարտի 16-ին հայտարարել էր, թե Եվրախումբը ստիպել է Կիպրոսին` համաձայնվել կորպորատիվ հարկի ավելացմանը եւ Կիպրոսի բանկերում պահվող դեպոզիտների վրա դնել 6,75 տոկոս հարկ մինչեւ 100 հազար եվրո ավանդների եւ 9,9 տոկոս հարկ` 100 հազար եվրոյից ավելի ավանդների վրա: Կառավարությունն առաջրկումէ  ազատել մինչեւ 20 հազար եվրո ավանդները:

Փորձագետները նշում են, թե նման մեխանիզմը թույլ չի տա հավաքել 5,8 մլրդ եվրոն, որ հարկավոր է Եվրամիության վարկային օգնությունը ստանալու համար: Ուստի առաջարկվում է ավելի մեծ հարկ սահմանել 500 հազար եվրո եւ ավելի ավանդները: Այդկերպ, հարկային ծանրությունը դրվելու է օտարերկրացիների վրա, որոնց համար Կիպրոսը բանկային դրախտ էր դարձել: