Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

































