ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի համաձայնություն է կնքել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ՀՀՊ-ի հարցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Մայք Թերները: Նրա կործիքով՝ Օբամայի վարչակազմի կողմից Եվրոպայում ՀՀՊ համակարգեր տեղակայելու վերջին փուլից հրաժարվելը հաստատում է իր մտահոգությունները՝ «ռուսների հետ գաղտնի համաձայնության» վերաբերյալ, հաղորդում է «Վզգլյադը»:

«Մենք տեսել ենք, թե ինչպես նախագահ Օբաման  Մեդվեդեւին հայտարարեց, որ ընտրություններից հետո ինքն ավելի մեծ ճկունություն կունենա: Պուտինն ավելի ուշ հայտարարեց համաձայնագրի պայմանները, որից կարելի է եզրակացնել, որ դա գործարք է»,-ասել է Թերները Foreign Policy պարբերականին:

Պարբերականը նշում է, որ Թերները նկատի ունի 2012 թվականի մարտին Հարավային Կորեայում Օբամայի եւ ՌԴ այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւի զրույցը, երբ միկրոֆոնը միացված է եղել: «Ընտրություններից հետո ես ավելի շատ ճկունություն կունենամ»,-ասել էր Օբաման Մեդվեդեւին, վերջինս էլ արձագանքել էր. «Ես հասկացա: Ես այդս տեղեկությունը կփոխանցեմ Վլադիմիրին»: