Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը այսօր Դուբայում հանդիպեց ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ:
Փոխվարչապետը նախ շնորհավորել է Լուբնա ալ Քասիմիին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նախկինում արտաքին առեւտրի նախարարի պաշտոնում նրա հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:
Կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:
ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաեւ «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» («Majid Al Futtaim») ընկերության ղեկավարների հետ: Նրանք փոխվարչապետին տեղեկացրել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին: Երկուստեք փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Ա. Գեւորգյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ընկերությանը` նախանշված ծրագրերի իրագործման հարցում:
Փոխվարչապետի մյուս հանդիպումը ԱՄԷ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ էր, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաեւ Հայաստանից կենդանի անասունների արտահանման հնարավորությունները:
Ավարտելով այցը ԱՄԷ` փոխվարչապետը մեկնել է Քուվեյթ:




























