ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն անցած ուրբաթ օրը կայացած նիստում 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը արժանացրեց դրական եզրակացության՝ ընդգրկելով այն ԱԺ մեծ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Թե ընդդիմության առաջարկած նախագիծը խորհրդարանի առաջիկա որ քառօրյայում կընդգրկվի, մնում է նիստը վարողի՝ տվյալ դեպքում՝ ԱԺ նախագահի հայեցողությանը։ Նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ քաղաքական գնահատականներն են հեռացվել։
Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակ , ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի վաղ ներկայացնելով նախագիծը՝ հանձնաժողովի ստեղծումը հիմնավորել էր այսպես. հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին եւ զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաեւ դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաեւ պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովի գործունեության դրական արդյունքների հարցում լավատես է. «Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող ենք տեղից շարժել առնվազն տասը սպանություններից երեք-չորսի նախաքննությունը»։
ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նկատել էր. «Եթե հանձնաժողովը կատարի իր իրական առաքելությունը, սա կլինի նոր քայլ նաեւ պառլամենտարիզնմի առումով։ Ես այս խնդրին չեմ նայում զուտ մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Սա նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փորձ է»։
«Առավոտի» հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը նկատեց. «Առանձին հարցեր, իրադարձություններ քննելու եւ եզրակացություն տալու համար ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու այս փորձերը բրիտանական պառլամենտարիզմի լավագույն դրսեւորումներից են։Այս դեպքում 2008թ. մարտի 1-2-ին տասը անձանց սպանությունների եւ մարդկանց պատճառված մարմնական վնասվածքների գործերով դեպքերը կարող են հասնել դրկան արդյունքի, որը կարող է լինել անաչառ հանձնաժողովի անաչառ եզրակացությունը։ Այդ եզրակացությունը խորհրդարանին ներկայացնելով՝ կարելի է ստանալ քաղաքական մի փաստաթուղթ, որն արդեն կարող է գործադիր օղկների համար խորհրդակցությունների հիմք կամ հասարակական լսումների առարկա դառնալ՝ տվյալ բացահայտումներն օգտագործելու համար որոշակի ուղղությունների նախանշմամբ»։ Գրիգոր Մինասյանը ոչ պակաս կարեւոր է համարում այն հանգամանքը, որ կարող են անկախ փորձագետների էլ ներգրավել այդ աշխատանքներում։
«Այսինքն՝ ընդհանուր առմամբ կա հնարավորություն լուրջ փաստաթուղթ ստանալու։ Սակայն այդ փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, որը ներկայացվելու է խորհրդարանի դատին, ու, կարծում եմ, այդ եզրակացության հիմնական նպատակը պետք է լինի այդ իրադարձությունների նկատմամբ հանրային վստահության ձեւավորումը։ Այստեղ է, որ պետք է քաղաքական կամք լինի, եւ եթե ինչ-որ բացահայտումներ լինեն՝ գործընթաց գնա»,- ասաց փորձագետը։ Զուգահեռներ անցկացնելով մարտիմեկյան դեպքերի նախորդ՝ Սամվել Նիկոյանի գլխավորած եւ ստեղծվելիք հանձնաժողովների միջեւ՝ մեր զրուցակիցը չափազանց էական է համարում այն հանգամանքը, որ տվյալ հանձնաժողովը զբաղվելու է կոնկրետ տասը սպանությունների եւ մարմնական վնասվածքների գործերով՝ անդրադառնալով քննչական մարմինների գործողությունների օրինականությանը։ Փորձագետը գտնւմ է, որ այս դեպքում հնարավոր է ստանալ մի փաստաթուղթ, որը հանրությանն ամբողջական պատկեր կներկայացնի տեղի ունեցածի եւ մեղավորների առումով;
Ունի՞ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք, որպեսզի ընդառաջ գնա նաեւ ընդդիմության ակնկալիքներին՝ տասը սպանություններից երեք-չորսի բացահայտման վերաբերյալ՝ «Առավոտի» հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ի կողմ քվեարկելը եւ որոշում ընդունելը՝ նման եւս մեկ հանձնաժողով ձեւավորելու համար, հենց խոսում է այն մասին, որ մենք ունենք այդ քաղաքական կամքը։ Գնում ենք ընդդիմությանն ընդառաջ եւ պատրաստ ենք թեկուզ եւս մեկ շանս, որը մեզ հույս է տալիս, հավաստիացնում է, որ ի վիճակի ենք դրական տեղաշարժով գննալ առաջ, մենք գնում ենք ընդառաջ, եւ ինչպես որոշ քաղաքական ուժեր փորձում են շահարկել, կոծկելու կամ թաքցնելու խնդիր չունենք։
Հիշեցնելով, որ այս նաաձեռնությունը նախագահական ընտրություններից առաջ փոխադարձ պայմանավորվածությամբ հետաձգվեց՝ այն քաղաքական շահարկումների թեմա չդարձնելու համար, Սահակյանն ասում է, որ ՀՀԿ-ն ցավում է մարտիմեկյան դեպքերի համար, եւ ճիշտ չեն համարում դրանց քաղաքականացումը, որքան էլ այն քաղաքական դրսեւորում է՝ քաղաքական հետեւանքներով։
«Մարտի 1-ի հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը քաղաքական ուժի կողմից առնվազն բարոյական չէ, եւ յուրաքանչյուր անգամ թեման շոշափելով ՝ պետք է իմանալ, որ տասը զոհերի ընտանիքներն այդ ցավը, կսկիծը վերստին ապրում են։ Դա էր պատճառը, որ մենք պարոն Ջհանգիրյանին հորդորեցինք հանել նախագծում առկա քաղաքական շեշտադրումները»։ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ երեք-չորս սպանությունների բացահայտման համար գործիքակազմն առկա է. «Մենք պատրաստ ենք նստել, աշխատել եւ գնալ առաջ»։ Չմանրամասնելով, թե ո՞ր քաղաքական ուժին նկատի ունի, Սահակյանն ասաց, որ ճիշտ չի համարում հարցի դարձյալ շահարկումը, ու հորդորեց խորհրդարանական ուժերին զերծ մնալ գայթակցղությունից։ «Վերակենդանացման ենթակա որոշ ուժեր «Մարտի 1-ի» գործով նորից կփորձեն վերկենդանանալ, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է եւ բարոյական։ Գոնե մեկ անգամ փորձենք համախմբվել, իրավական հարթության մեջ աշխատել, որպեսզի ամփոփումը, վերջաբանը լինի դրական։ Այն երեք-չորս սպանությունների մասին, որ խոսեց պարոն Ջհանգիրյանը, աչքի տակ ունենանք, որ գոնե այդքանը լինի բացահայտված»»,- մեջբերում է «Առավոտը»։




























