Ամերիկյան սենատորները հրաժարվել են արգելել գրոհային հրազենի վաճառքը զենքի շրջանառության խստացման օրինագծի քննարկման ժամանակ: Դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնսթայնը հայտարարել է, թե գրոհային զենքի վաճառքն արգելելու իր առաջարկը չի ընդգրկվել օրենքում:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը որոշումը բացատրել է նրանով, որ Ֆայնսթայնի առաջարկը բավարար թվով ձայներ չի հավաքի, հաղորդում է BBC-ն: Ընդ որում, Ռիդը հավաստիացրել է Ֆայնսթայնին, որ կայանալու է քվեարկության երկու փուլ, առաջինում քվեարկվելու է 10 փամփուշտանի եւ ավելի զենքի լիակատար արգելքը, երկրորդում` ատ փամփուշտներ ունեցող զենքի վաճառքի արգելքը: Այլ առաջարկների թվում են նաեւ զենք գնողների պարտադիր ստուգումը տվյալների դաշնային բազայում, զենքի ապօրինի վաճառքի համար պատիժների խստացումը, եւ դպրոցների անվտանգության ծախսերի ավելացումը:

«Ռոսբալտի» գնահատմամբ՝ նման զարգացումը կարելի է համարել Ազգային հրաձգային ասոցիացիայի հաղթանակը: Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները սկսեցին խոսել զենքի վաճառքի խստացման մասին Քոնեքթիքութում տեղի ունեցած սպանդից հետո: