NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ: Համագյուղացիները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ մարտի 19-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին հրավիրվել էին մասնակցելու մարզպետարանի աշխատակիցներ, գյուղապետներ, տնօրեններ եւ այլն:
Քեֆ, ուրախությունից հետո ժամը 22.00-ի սահմաններում Սուրենավանի գյուղապետը եւ հյուրերի մի մասը արդեն կամաց-կամաց սկսել են լքել ռեստորանը, սակայն Շահումյանի գյուղի մոտ նրա մեքենան շրջվել է, գյուղապետն էլ` տեղում մահացել: Մեքենայում միայն գյուղապետն է եղել:
Մահվան ելքով վթարի պատճառները, համագյուղացիների խոսքով, մի քանիսը կարող են լինել: Նախ` այդ տարածքում վթարները շատ են լինում, հնարավոր է` գյուղապետը պետական համարանիշներով մեքենան վարել է բարձր արագությամբ, չի բացառվում նաեւ, որ ալկոհոլ օգտագործած լինի:
Վարդգես Ղազարյանը ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու տղա եւ մեկ աղջիկ, նրանք ամուսնացած են, գյուղապետը 4 թռոնիկ ուներ:
Ի դեպ, նա գյուղապետ էր առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինի ընտրություններում: Համագյուղացիները պատմել են, որ մինչ այդ նա եղել է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրվելուց հետո նորից դարձել է ՀՀԿ-ական:
ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, Սուրենավան համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ կկայանան Կառավարության համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել վթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` 51-ամյա Վ. Ղազարյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: Մեր տեղեկություններով` Վարդգես Ղազարյանը Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետն է:




























