Այն, ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, գործող իշխանությանն աջակցելու 100-տոկոսանով ծրագիր էր: Այդ մասին, մարտի 20-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, ընդ որում` դա խորանալու միտում ունի: «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բավական կասկածելի էր, հատկապես լուրջ ուշադրության կարիք ունի արտագաղթի մասին հարցին նրա պատասխանը: Նրա համոզմամբ, հիմնական պատճառը գաղջ մթնոլորտն է, որ կա երկրում: Ստացվում է, որ որտեղ էլ հայերը լինեն, գաղջ մթնոլորտ են ստեղծում»«- նշել է Արման Մելիքյանը` հավելելով, թե համաձայն է նախագահի հետ մեկ հարցում` երկրում իսկապես փոփոխություններ են եղել:
Մելիքյանը հայտարարել է, թե հնարավոր էր արդար նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն իշխանությունը չցանկացավ անել դա: «Դրա պատճառով մարդիկ իրենց երկրում լքված են կարծում, ինչն էլ, իր հերթին, նպաստում է արտագաղթի աճին»,- ասել է նա:
Մելիքյանը նշել է, թե պետք է ուշադրություն դարձնել այն կուսակցությւոնների վարքին, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, իսկ այժմ ակտիվորեն մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի մասին, Արման Մելիքյանը հավաստիացրել է, որ քաղաքական առումով նա փակուղու մեջ է: «Պետք էր գործել մինչեւ քվեարկության օրը: Եթե բոլոր թեկնածուները միանային իմ ` երկրից հեռացածների տվյալները հրապարակելու առաջարկին, ամեն ինչ այլ կլիներ»,- ասել է նա:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























