ԱՄՆ-ում ձերբակալվել է ներդրումային խորհրդատու, 71-ամյա Քրեյգ Բերկմանը: Ֆինանսիստին կասկածում են 8 միլիոն դոլար յուրացնելու մեջ, որը նա ստացել էր Facebook-ի բաժնետոմսեր գնելու մտադրություն ունեցող ներդրողներից:
Քննության տվյալներով, դեռ NASDAQ բորսայում Facebook-ի բաժնետոմսերի առաջնային տեղադրումից առաջ` 2012թ. մայիսին Բերկմանը որոշ ներդրողների հայտնել է, թե կարող է նրանց համար գնել բաժնետոմսերը ձեռնտու գնով: Այդ նպատակով նա 8 մլն դոլար էր ստացել ավելի քան 50 ներդրողներից:
Սակայն բաժնետոմսեր գնելու փոխարեն Բերկմանը վճարել էր նախկին ներդրողներին ֆինանսական բուրգի մոդելով եւ մուծել անձնական ծախսերը, ասվումէ հայցում:
71-ամյա խաբեբան, ով ժամանակին Օրեգոն նահանգի նահանգապետի թեկնածու էր, ձերբակալվել է Ֆլորիդա նահանգի Օդեսա քաղաքի իր տանը: Նրան 80 տարվա ազատազրկում է սպառնում:
Forbes-ի տվյալներով, խարդախության զոհ են դարձել ոչ թե 50 այլ 120 ներդրողներ, իսկ Բերկմանն իրականում յուրացրել է 13,2 մլն դոլար:



























