Հայաստանի Հանրապետությունը նման պետական այրերով չի կարող դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշեց, որ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված բավականին տարօրինակ եւ զավեշտալի գնահատականներ հնչեցին, ինչպես օրինակ` «ինքնակոչ», «սատանայական», «հեղաշրջում»: «Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները համարժեք չեն երկրում ստեղծված վիճակը գնահատելիս, քանի որ թե ինքնակոչը, թե հեղաշրջումը, թե աղանդավորականությունը քաղաքական իմաստով բնութագրում է իրենց, քանի որ փետրվարի 18-ին հենց իրենք փորձ արեցին կեղծել ժողովրդի հաղթանակը»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Նա շեշտեց, որ երկու լուծում կարոդ է իրենց համար ընդունելի լինել, առաջինը` գործող նախագահի ինքնաբացարկ հայտնելը, իսկ երկրորդը` համապետական լուծում, որը հնարավորություն կտա դուրս գալու իրավիճակից, դա չի կարող լինել սահմանադրական բարեփոխումները, քանի որ այն ընդամենը լուծման մի մասն է:
«Ժողովրդի համար իրենց թեման փակված չէ եւ իրենց թեման լուծվելու է ժողովրդի կողմից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Ինչ վերաբերում է ապրիլի 8-ին 1 միլիոնանոց երթ անցկացնելու վերաբերյալ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի առաջարկին, ապա մամուլի խոսնակն ասաց, որ դա իրենց եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցված չէ,քաղաքացաիական նախաձեռնություն է, որը յուրաքանչյուր մարդ կարող է իրականացնել, այդ մասով խոսակցություններ են ընթանում:
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենք կոչ են արել ընդդիմադիր ուժերին ապրիլի 9-ին գալ եւ միանալ ժողովրդին, նրանց կտրամադրվի նաեւ հարթակ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























