Այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա խորհրդարանական ուժերի հերթական խորհրդակցությունը՝ կապված հետընտրական իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խպմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Հերթական անգամ փորձում ենք հայտարարության տեքստ մշակել՝ հաշվի առնելով որոշ քաղաքական ուժերի առաջարկությունները: Այսօր յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր առաջարկները ներկայացնել»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքական դաշտում ամենակարեւորը երկխոսությունն է, որը պետք է ավանդույթ դառնա քաղաքականության մեջ:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ հիմնական առաջարկությունները կապված են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ, նաեւ քննարկվում է Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտության հարցը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր խրորհրդարանական քաղաքական ուժ կներկայացնի իր առաջարկները»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս անգամ էլ նախաձեռնությունը տապալվի, Սահակյանը պատասխանեց, որ երբ կողմերը չեն գալիս համաձայնության, դա տապալում չէ: «Եթե «Ժառանգություն» խմբակցությունը չցանկանա մասնակցել այդ քննարկումներին եւ նրա օրինակին հետեւեն մյուս խմբակցությունները, ապա խորհրդարանի արտահերթ նիստ չի հրավիրվի: մեր առջեւ խնդիր չի դրված ինչ-որ բան ապացուցել, նախաձեռնությունը գալիս է նրանցից եւ մենք գրագետ մոտեցում ցուցաբերեցինք, քանի որ ցանկացած հարց կարելի է քննարկել»,-ամփոփեց Գալուստ Սահակյանը:




























