Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել դանիական հայտնի Politiken պարբերականին՝ պատասխանելով նաեւ վերջին շրջանում մեծ աղմուկ հանած սիոնիզմի հետ կապված խոսքերին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը, դանիական Politiken պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, թե տեղյակ է, որ Վիեննայում իր արտասանած խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել՝ պնդելով, թե ինքն իր խոսքերի տերն է։ «Բոլորը գիտեն, որ իմ քննադատությունները որոշ ճգնաժամային թեմաների շուրջ են՝ հատկապես Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության դեմ։ Ինչքան Իսրայելը մերժի Պաղեստին պետության գոյությունը, մեր քննադատությունները շարունակվելու են։ Մենք քննադատում ենք ոչ թե Իսրայելի գոյությունը, այլ նրա վարած քաղաքականությունը։ Ես իմ շատ ելույթներում քննադատել եմ հակասեմիտիզմը եւ այդ խնդրում իմ տեսակետը հայտնի է բոլորին։ Այնպես որ, ես Վիեննայում իմ արտասանած խոսքերին կրկին տեր եմ կանգնում»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ փետրվարի վերջին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք գիտաժողովում Էրդողանը հայտարարել էր, որ իսլամաֆոբիան մարդկության դեմ հանցագործություն է, ինչպես «սիոնիզմը, հակասեմականությունը, ֆաշիզմը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ խոսքերն անվանել էր անզգույշ եւ ագրեսիվ, իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դատապարտել էր ստահոդ հայտարարությունը: Այցով Անկարայում գտնվող ԱՄՆ-պետքարտուղար Ջոն Քերրին եւս քննադատել էր Էրդողանի հայտարարությունը՝ այն «կասկածելի» որակելով:




























