Ռուսաստանի եւ Կիպրոսի ֆինանսների նախարարներ Անտոն Սիլուանովի եւ Միխայիլ Սարիսի բանակցությունները, որոնք այսօր՝ մարտի 20-ին, անցկացվել են Մոսկվայում, անարդյունք են ավարտվել: Կիպրոսի նախարարը, դուրս գալով Ռուսաստանի ֆինանսների նախարարության շենքից, հայտնել է, որ կողմերը վերջնական որոշման չեն հանգել:
Միաժամանակ Սարիսն ընդգծել է, որ բանակցությունները բավական կառուցողական են եղել եւ հավելել է, որ դրանք կշարունակվեն այլ վայրում: «ՌԻԱ Նովոստիի» անանուն աղբյուրները հայտնում են, որ Սարիսը մեկնել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ նախօրեին Կիպրոսի խորհրդարանը մերժել էր բանկային ավանդների հարկման նախագիծը: Այդ վճռից հետո Կիպրոսի իշխանությունները մարտի 20-ին բանակցություններ են վարում ԵՄ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ փորձելով երկիրը փրկել դեֆոլտից:
Կիպրոսի փրկության իր սխեման է առաջարկել ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: «Առայժմ տրոցկիստական ուղի է առաջարկվում... դե ֆակտո սնանկ պետությունների եւ պարտված բանկերի փրկության համար սպանվում են Կիպրոսի բոլոր բանկերը... Եվ դրա համար պետք է վճարեն ԵՄ-ում մասնավոր սեփականության արժեքի անխախտելիությանը հավատացած անձինք», – կարծում է Պրոխորովը: Ըստ նրա՝ «մասնավոր սեփականության բռնագրավումը գրեթե ավարտվել է», սակայն կարծում է, որ դեռ հնարավորություն կա իրավիճակը հարթելու, գրում է dni.ru -ն:
Ըստ գործարարի՝ առաջին հերթին Կիպրոսը պետք է բանկերին առաջարկի ինքուրույն ընտրել վերակապիտալիզացման միջոց: Երկրորդ քայլը պետք է դառնա օգնության համար Ռուսաստանին դիմելը: «Ռուսաստանը Կիպրոսի պարտատերն է, ունի բավական ֆինանսական հնարավորություններ Կիպրոսի ֆինանսական համակարգը փրկելու համար», – առաջարկում է գործարարը:



























