Բարաք Օբաման մարտի 20-ին առաջին անգամ ժամանել է Իսրայել Միացյալ Նահանգների նախագահի կարգավիճակով: Նրա այցը ժամանակային առումով համընկել է Բենյամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի նոր կառավարության երդմնակալությանը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով «Հաարեցը», Բեն-Գուրիոն օդանավակայանի որոշ չվերթներ հետաձգվել են Օբամայի այցի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահի եւ նրա պատվիրակության անվտանգությունն այցի ընթացքում ապահովելու են ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունների հազարից ավելի գործակալներ, նաեւ տեղական ոստիկանությունն ու բանակը: Այցի ընթացքում սահմանափակվել է երթեւեկությունը Իսրայելի եւ Պաղեստինի որոշ մայրուղիներով:
ԱՄՆ նախագահի եռօրյա այցի օրակարգը ներառում է հանդիպումներ Իսրայելի նախագահի եւ վարչապետի հետ, նաեւ ընդդիմության ղեկավարի հետ, որոշ թանգարանների եւ հուշարձանների այցելություն, ելույթներ, մամուլի ասուլիսներ, արարողակարգային միջոցառումներ, նաեւ երկու այց Պաղեստին` դեպի Բեթղեհեմ եւ Ռամալլա: Բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները, իրանական ատոմային սպառնալիքը, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի վերբեռնման հեռանկարները, նաեւ իրավիճակը հարեւան Սիրիայում:




























