Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունները ավարտական փուլ են թեւակոխել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդը: Ըստ նրա՝ արդեն ավարտվել են քաղաքական բոլոր հարցերը, իսկ առեւտրային բանակցողները եւս երկու փուլ կանցկացնեն՝ նախքան Վիլնյուսի գագաթաժողովը:
Եվրոպական կողմի գլխավոր բանակցողը կարծում է, որ համաձայնագիրը զգալիորեն խթանում է բիզնեսի պայմանների արդիականացումը Հայաստանում: Վիգանդը նշել է, որ երկու կողմն էլ պետք է ջանքեր գործադրեն տվյալ համաձայնագրի կիրառական նշանակությունը հստակեցնելու համար, նշելով, որ եվրոպական կողմն այդ առումով սերտ կհամագործակցի Հայաստանի կառավարության հետ:
Գոհունակությամբ նշելով, որ բանակցություններն ընթանում են ժամանակացույցին համապատասխան, Վիգանդը հույս է հայտնել, որ համաձայնագիրը նախաստորագրված կլինի մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը, իսկ արդեն 2014թ. հավանաբար առաջին կեսին նախատեսվում է ստորագրել այն: Վիգանդն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրն ամենամեծ պայմանագիրն է, որը Հայաստանը երբեւէ ստորագրելու է:




























