Երեւանի 30-ամյա բնակիչ Կորյուն Գալստյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի վարչական շենքում սպառնացել է բուժանձնակազմին եւ ներկաներին, իսկ միջամտած ոստիկանին ծեծի է ենթարկել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Կորյուն Գալստյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երեւան քաղաքի Ձորափի-40 հասցեում գտնվող «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի վարչական շենքում շուրջ 2-3 րոպե տեւողությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նախ՝ մասնաշենքի առաջին հարկում գտնվող բժշկի աշխատասենյակում, ապա նաեւ հիվանդանոցի միջանցքում աղմկել եւ բարձրաձայն տվել է հայհոյանքներ, որը զուգորդվել է ներկաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Այնուհետեւ, անտեսելով խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության ծառայողներ էդգար Գրիգորյանի ու Սուրեն Աբովյանի դիտողությունները, արդեն «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի մասնաշենքի բակում շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ եւ բռնություն գործադրելով դիմադրություն է ցույց տվել վերջիններիս՝ փորձելով դուրս պրծնել, մասնավորապես Է. Գրիգորյանի ձեռքից: Այդ ընթացքում նա ձեռքով եւ ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացել մարտի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























