NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «Today’s Zaman»-ում հրապարակված Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը.

«Կարող եմ հասկանալ, թե որքան խորն է եղել վարչապետ Ռեջեբ Էրդողանի հիասթափությունը, երբ մամուլում տեսել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ  կուսակցության պատգամավորների հանդիպման արձանագրությունը: Այն հրապարակած անձը որոշակիորեն փորձել է  խնդիրներ հրահրել խաղաղ գործընթացի համար, ազգայնական տրամադրություններ արթնացնել: Այնպես որ, այդ առումով ես կարող եմ հասկանալ Էրդողանի զայրույթը այդ արտահոսքի հետ կապված:

Սակայն դրանից հետո կատարվեց այն, ինչն ինձ համար անհասկանալի է: Էրդողանը ողջ մեղքը բարդեց արձանգրությունը հրապարակած  «Milliyet» թերթի վրա: Նա գնաց հեռուն` կոնկրետ նախադասություններ մեջբերելով «Milliyet»-ում հրապարակված  Հասան Ջեմնալի հոդվածից  եւ հրապարակավ մեղադրելով նրան:  Մենք բոլորս գիտենք` ինչ եղավ դրանից հետո: «Milliyet»-ի սեփականատերը ցանկացավ, որպեսզի գլխավոր խմբագիր Դերիյա Սազակն աշխատանքից հեռացնի Ջեմալին: 

Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության մասին Ջեմալի հաջորդ հոդվածը չտպագրվեց թերում: Հիմա այն արդեն հայտնվել է մի շարք կայքերում, եւ բոլորը կարդացել են: Ջեմալը միանգամայն ողջամիտ քննադատությամբ է հանդես եկել, եւ եթե թուրաքական հեղինակավոր պարբերականներից «Milliyet»-ը չի կարողանում հրապարակել կառավարությանն ուղղված այդ ողջամիտ քննադատությունը,  էլ ի՞նչ կարող է չհրապարակել ապագայում:

Ինչպես իր չհրապարակված հոդվածում գրել է  վետերան լրագրող Ջեմալը, Թուրքիայում ԶԼՄ-ները երբեք ազատ չեն եղել եւ ազատ չեն հիմա: Այո, այսօր մենք կարող ենք խոսել Թուրքիայում ինչ-ինչ տաբուներից, ինչի մասին չէինք էլ կարող  երազել հինգ-վեց տարի առաջ:  Այսինքն, կարելի է քննադատել ամեն ինչ, քանի դեռ մի գեղեցիկ օր ձեր հոդվածը չի հիշատակվել վարչապետի կողմից: Այնպես որ, մենք հասել ենք ինչ-որ պոստմոդեռն երեւույթի` անվանեք դա, ինչպես կցանկանաք»: