NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Վոլոդյա Սեդրակի Ավագյանի մասին: Մեզ հաջողվեց պարզել, որ նա Լոռիի մարզի Կաթնառատ գյուղից է, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է զինվորական ծառայության:

Նրա համագյուղացիները NEWS.am-ին պատմեցին, որ Վոլոդյա Ավագյանն արդեն 1,5 տարվա զինծառայող էր եւ պետք էր աշնանը զորացրվեր: Նա ընտանիքի կրտսեր զավակն է, ուներ երկու քույր, որոնք ամուսնացած են: Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում, աշխատանք չունեն, փոխարենը ծնողները վարկեր ունեն:

Հայտնի չէ, թե երիտասարդի դիակը երբ կհասնի գյուղ, այն գտնվում է Երեւանում: Ծնողներին եւ հազարատներին հայտնել են, թե դեպքը անզգուշության հետեւանք է: Զինծառայողները բարձրացել են դիրքեր, զենքը լիցքավորելու ժամանակ դրա օգտագործման կանոնների խախտման հետեւանքով ծառայկցի զենքից կրակոց է արձակվել իր ուղղությամբ, եւ նա տեղում մահացել է:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: