Մայրաքաղաքում հայտարարված քաղաքային շաբաթօրյակի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմին այսօր՝ մարտի 23-ի վաղ առավոտից, միացել են «Երեւաննախագիծ» ինստիտուտը եւ այս օրերին ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցային ծրագրերի շրջանակում Երեւանում գտնվող 40 ֆրանսիացի ճարտարապետ ուսանողներ` Սեն Էթիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցից:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ մինչ շաբաթօրյակի մեկնարկը` Ֆրանսիացի ուսանողները ծանոթացել են Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությանը եւ «Ճանապարհ. Էրեբունին երեկ եւ այսօր» համատեղ իրականացված հայ-ֆրանսիական ժամանակավոր ցուցահանդեսին: Այնուհետեւ բարձրանալով Էրեբունի ամրոցի միջնաբերդ, նրանք շրջել են in situ պահպանվող հնավայրում եւ օգնել են հավաքել վաղ առավոտից քամու պատճառով հնավայրում հայտնված աղբի մնացորդները:
Արդեն 2-րդ տարին Արին բերդ բլրի լանջերին մաքրություն իրականացնող «Երեւաննախագիծ» ինստիտուտի աշխատակիցները նշել են, որ Երեւանի եւ, մասնավորապես, Էրեբունի համայնքի բնակիչները պետք է գիտակցեն Էրեբունի ամրոցի պատմական նշանակությունը եւ կարեւորությունը մայրաքաղաքի դիմագծում: Իրենց մասնակցությամբ նրանք կոչ են արել մայրաքաղաքի բնակիչներին հուշարձանային տարածքները զերծ պահել կենցաղային աղբաթափությունից:




























