Հայաստանի սփյուռքի նախարարությունում, մարտի 22-ին տեղի է ունեցել ապրիլի 22-24-ը Երեւանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքային խմբի համդիպումը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի աշխատանքները համակարգող, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ներկայացրել է համաժողովի հիմնախնդիրներն ու անելիքները, նախնական օրակարգը:
Համաժողովը անցկացվելու է երեք թեմատիկ նիստերով՝ Լեզվամշակութային հիմնախնդիրներ, Երիտասարդության հիմախնդիրներ, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Համաժողովի երեք օրերի ընթացքում թեմատիկ նիստերին, քննարկումներին զուգահեռ լիելու են նաեւ մշակութային միջոցառումներ, շրջայցեր:
Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:
Հանդիսավոր բացմանը կհաջորդի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի զեկույցը «Հայերենն իմ սրտում է» թեմայով:
Երկրորդ օրը Համահայկական երիտասարդական հիմնադրամում համաժողովը կշարունակի իր աշխատանքները՝ երեք թեմատիկ խմբերով:
Տեղի կունենա Ցեղասպանության մասին հրատարակված գրքերի շնորհանդես:
Համաժողովի մասնակիցները կայցելեն Մատենադարան, որտեղ տեղի կունենա լեզվամշակութային հիմնախնդիրներին վերաբերող քննարկում:
Ապրիլի 23-ի երեկոյան ցանկացողները կմասնակցեն Ջահերով երթին:
Համաժողովի վերջին օրը՝ ապրիլի 24-ին, մասնակիցները կայցելել Ցեղասպանության հուշահամալիր, Էջմիածին, կմասնակցեն ծառատունկի:
Ատոմ Մխիթարյանը խոսել է նաեւ «Երիտասարդական կազմակերպությունների դերը տեղեկատվական հասարակությունում» միջազգային սեմինարի մասին: Ծանոթացրեց մասնակցության կարգին եւ պայմաններին:
Հանդիպման վերջում տեղի է ունեցել քննարկում, հարց ու պատասխան, աշխատանքային խմբի մասնակիցները հանդես եկան առաջարկներով:




























