Սյունիքի մարզի Սեւաքար գյուղում մասնակիորեն փլված եռանավ բազիլիկ Սբ Հռիփսիմե եկեղեցու հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով կամրացվի եկեղեցու վթարված, բայց դեռեւս կանգուն հատվածները:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին փլուզվել էր Սեւաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ Հռիփսիմե եկեղեցու հարավային եւ արեւմտյան պատերը, տանիքի մի հատված:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1997 թ. ՀՀ կառավարության N 51 որոշմամբ եկեղեցին հանձնվել էր համայնքին որպես սեփականություն եւ հանդիսանում էր գործող եկեղեցի: Այն երբեւէ չի նորոգվել կամ ամրակայվել:
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` ՀՀ մշակույթի, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը՝ մարտի 13-ին եղել է տեղում եւ արձանագրել, որ եկեղեցու խոնարհման պատճառ են հանդիսացել դեռեւս 1930-ական թվականներին առաջացած երկայնական ճաքերը, ծածկերի /հողածածկ/ ջրամեկուսացման բացակայությունը, նաեւ հիմնատակի գրունտների նստվածքային երեւույթները:
Աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա առաջարկվել է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռեւս կանգուն հատվածները: Նախքան փլվածքի մաքրումը /ճանապարհ, բակ, անցուղի/ ձեռնարկել եկեղեցապատկան բեկորների առանձնացման եւ համարակալման աշխատանքներ, կատարել հիմնատակերի գրունտների ինժեներաերկրաբանական հետազոտություն, մշակել եկեղեցու ամրակայման եւ մասնակի կամ ամբողջական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը:




























