Նախագահի ոչ մի թեկնածուի մոտ, բացի Սերժ Սարգսյանից, ես իրական ծրագրեր չեմ տեսել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ով Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:
«Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն արդեն իրականացել է, ինչո՞ւ մենք դա չենք տեսնում եւ նկատում ենք միայն այն թերությունները, որոնց մասին մենք բոլորս գիտենք: Այստեղ արդեն գալիս է հնարավորությունների հարցը: Ունենալով ծրագիր, անհրաժեշտ է քայլ առ քայլ գնալ դեպի դրված նպատակները, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության»,-ընդգծեց կոմպոզիտորը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, նա նշեց. «Թող Րաֆֆին ինձնից չնեղանա, ես նրան շատ եմ հարգում, բայց երբեմն իրավիճակ է ստեղծվում, երբ մարդուն դժվար է հետքայլ անել: Ինձ թվում է, նա այնքան խելացի գործիչ է, որ իր էներգիան կօգտագործի ավելի լուրւ նպատակների հանսելու համար»:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, Մարտին Վարդազարյանը նշեց, որ դեռեւս Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ժամանակներից քաղաքապետարանում տիրում է համադրման այլ ոչ՝ հակադրման մթնոլորտ:
«Քաղաքապետարանւմ աշխատանքներն այնպես են կատարվում, որ երկիմաստ որոշումներ այնտեղ չեն քննարկվում եւ յուրաքանչյուր հարց միշտ լիարժեք լուծում է գտնում օրենքի շրջանակներում: Կարծում եմ, որ քաղաքապետարանի աշխատանքի ներկա ոճը ճիշտ է»,-ընդծեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամը՝ հավելելով, որ ինքն իրավունք չունի քննարկել այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացրած համամասնական ցուցակները:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն 65 տեղի համար: Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են բացառապես համամասնական ընտրակարգով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























