Թուրքական Վան քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երեւան ուղիղ չվերթը, որը կգործի ապրիլի 3-ից, իր ուղղությունով առաջինն է Թուրքիայի արեւելյան քաղաքների համար: Այս մասին գրել է թուրքական «Hürriyet Daily News»-ը:
«Սա մասնավոր չվերթ է, եւ թռիչքների թույլտվությունը տալիս է Քաղաքացիական ավիացիայի գերագույն տնօրինությունը»,– հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից մի պաշտոնյա՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Զիյաֆեթ Ասքերովն իր հերթին հայտարարել է, որ մեկնաբանություններից առաջ նախ պետք է այդ հարցը մանրակրկիտ ուսումնասիրել: «Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի արդար շահերը եւ մինչ այժմ չի բացել իր սահմանները Հայաստանի հետ»,– ասել է նա:
Վանի Առեւտրական ասոցիացիայի ղեկավար Այհան Ֆիդայը նշել է, որ իրենք ծրագրված չվերթի մեծ պահանջարկի ակնակալիք ունեն: «Որպես Վանի ձեռնարկատերեր, մենք ցանկանում ենք առեւտուր անել Հայաստանի հետ եւ այս չվերթի բացման գլխավոր պատճառն առեւտուրն է»,– ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ այս թռիչքներն օգտակար կլինեն նաեւ մշակութային համագործակցության համար: «Երբ մեր կղզու վրա Աղթամար եկեղեցին բացվեց, Վանը դարձավ թուրքական գրավիչ վայր: Հայաստանն ու նրա սփյուռքն իրական հետաքրքրություն են տածել այդպիսի մշակութային զբոսաշրջության հանդեպ»,– ասել է նա: Ֆիդանը նաեւ նշել է, որ նախապես Իրանը եւս երթուղու մաս է կազմել, սակայն մարտին այդ երթուղին մերժվել է Իրանի իշխանությունների կողմից: Դեպի Հայաստան թռիչքներն առաջ իրականացվում էր Ստամբուլից, Անթալիայից եւ Բոդրումից, սակայն նոր երթուղին բացասական մրցակցություն չի ստեղծի:
Նշենք, որ ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երեւանից Վան եւ հակառակ ուղղությամբ։ Երեւան-Վան-Երեւան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։
Լինելու են նաեւ տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը եւ հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» եւ թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տեւողությունը՝ 40 րոպե։




























