Ռուսաստանի ԱԴԾ-ի կենտրոնական կազմի սպաները հայտարարել են, որ իրենց բաժինը հրաժարվում է աշխատելուց՝ Քադիրովի չորս թիկնապահներին ազատ արձակելու պատճառով:
Գործի քննությամբ զբաղվող քննիչ Չինգիզ Բերիկովը հեռացվել է աշխատանքից, նրա գործընկերները պատրաստ են թողնել աշխատանքը, քանի որ այժմ նրանք սեփական եւ իրենց հարազատների անվտանգության երաշխիքներ չունեն: «Ավելի լավ կլիներ, եթե մենք մեզ առաջարկված կաշառքը վերցնեինք», - հայտնել են նրանք «Նովայա գազետայի» լրագրողներին: Սպաները ցավում են, որ վտանգել են իրենց կյանքը` Չեչնիա մեկնելով եւ ապացույցներ հավաքելով:
ԱԴԾ-ի սպաները Ծառայության տնօրենի անունով հուշագիր-տեղեկանք են գրել, որից հետո նրանց մոտ է եկել գերատեսչության ղեկավարի օգնականը, որն իբր հայտնել է, որ «վերեւից» հրահանգ է ստացվել՝ ձեռք չտալ Քադիրովի մերձավորներին՝ մինչեւ Սոչիի օլիմպիադայի ավարտը:
ԱԴԾ-ի աշխատակիցները նշել են, որ կարող են նաեւ հացադուլ հայտարարել, բողոքի ցույց կազմակերպել Լյուբյանկայում, որպեսզի ղեկավարությունն ուշադրություն դարձնի նրանց դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ Ռամզան Քադիրովի անձնական թիկնազորից առեւանգման եւ շորթման մեջ կասկածվող չեչեն ոստիկաններն օրերս ազատ էին արձակվել` երկրից չբացակայելու ստորագրությամբ: Ըստ հետաքննության` 2011թ. օգոստոսին չարագործները Մոսկվայում առեւանգել էին Վրաստանի մի բնակչի, նրան տարել Մերձմոսկվա, որտեղ, պահանջելով իրենց հանձնել Lexus lx 570-ը, 10-12 հոգով նրան մի քանի օր ծեծի էին ենթարկել: Տղամարդուն ազատել էին միայն այն ժամանակ, երբ վերջինս խոստացել էր տալ մեքենան, նրան մեքենայից դուրս էին նետել մայրուղիներից մեկի մայթեզրին: Տղամարդը հիվանդանոցում էր հայտնվել բազմաթիվ կոտրվածքներով եւ վերքերով:
Ձերբակալվել էր 11 մարդ: Նրանց մեջ էին եղել Քադիրովի անվտանգության գծով խորհրդական Զելիմխան Իսրայիլովը, քրեական հետախուզության բաժնի պատասխանատուներ Ջամբուլատ Մուհմատմուրզիեւը, Մուսհաջի Մուսուլայեւը, Խոժ Ահմեդ Իսրայիլովը, ՆԳՆ-ի մեկ այլ աշխատակից Ադամ Իսրայիլովը:




























