Տարոն Մարգարյանը շարունակելու է իր հոր` Հայաստանի վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գործը: Այդ մասին, այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` մեկնաբանելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները: Ընդ որում, ըստ Հարությունյանի, պետք չէ կարծել, թե Տարոն Մարգարյանն այլ արժանիքներ չունի: «Անխոս, ունի: Բայց այն, որ նա Անդրանիկ Մարգարյանի որդին է, ավելի ուժեղ է բարձրացնում նրան մարդկանց աչքերում: Մենք բոլորս գիտենք, թե մարդկանց շրջանում ինչ հեղինակություն ուներ նրա հայրը: Կարծում եմ` Տարոն Մարգարյանն էլ կանի ամեն ինչ, որ վաստակի նման սեր»,- ասել է Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով, ի տարբերություն բազմաթիվ այլ պաշտոնյաների, քաղաքապետը, այդ թվում` մայրաքաղաքի, մշտապես հասարակության աչքի առաջ է: «Նա մշտապես այնտեղ է, որտեղ խնդիրներ են ծագում, աղբահանություն, ջեռուցում, ջրամատակարարում, քաղաքապետը միշտ աշխատանքի մեջ է: Ուստի շարքային ընտրողի համար հեշտ է գնահատել նրան: Կարծում եմ` Տարոն Մարգարյանը կրկին գլուխ կհանի այդ խնդիրներից»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Ընտրություններում ահղթածա կուսակցությունն իրավունք կունենա քաղաքապետ նշանակել: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը գլխավորում է Հանրապետական կուսակցության ընտրացուցակը:




























