Մարտի 23-ին եւ 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված` հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետեւողական աշխատանք տանել եւ ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր եւ պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերած բոլոր կառույցների աշխատակիցներին:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ եւ թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է  ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող եւ ոռոգման ցանցով ապահովված բոլոր  գոտիները:

Հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրեւների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխվել է 32 էլեկտրաասյուն: 2013-ին նախատեսված ծրագրերով վթարավտանգ էլեկտրասյուների վերականգնման եւ փոփոխման աշխատանքները շարունակվելու են:

Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման, ինչպես նաեւ շինհրապարակների հարակից տարածքների մշտական մաքրության եւ պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների վերաբերյալ` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխանաբար ստացված 180 եւ 96 հեռախոսազանգերով բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական պատասխաններ, մի մասն էլ ընթացքի մեջ է:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում համաբուժարաններ է դիմել 470 կին, ընդ որում, 238-ը՝ գինեկոլոգիական խնդիրներով, նրանցից 38-ը ուղեգրվել է վիրահատման:

Արտաքին կապերի վարչության պետը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակում Ստեփանակերտի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը: Նաեւ զեկուցվել է, որ երեւանյան գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնելու եւ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երեւանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: