Ռուսաստանը Հայաստանում դեսպաններ է նշանակում, ովքեր համակարգում են նաեւ վրացական ուղղությունը: Այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով Երեւանում ռուսաստանի նոր դեսպանի նշանակումը:

Նրա խոսքով նախորդ դեսպանը՝ 2009-ին նշանակված Վլաչեսլավ Կովալենկոն, հարուստ փորձ ուներ վրացական ուղղությամբ: Լինելով Երեւանում ՌԴ դեսպան, նա իր թիմում ընդգրկել էր Վրաստանի հարցով մասնագետների:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, ատա, ըստ Մինասյանի, Կովալենկոն մեծ ներդրում է ունեցել 2010-ին Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցի ժամանակ ռազմաքաղաքական բնույթի կարեւոր փաստաթղթի ստորագրման հարցում, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեությանը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ում լավ հասկանում են այն բանի կարեւորությունը, որ Հայաստանում իրենց դեսպանատունը համակարգի նաեւ վրացական ուղղությունը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Երեւանում ՌԴ նոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես փորձառու մասնագետ է, այդ թվում վրացական ուղղությամբ:

Մինասյանը հիշեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ ահա ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում վատացել են: Նա արձանագրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի փոփոխությամբ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման քաղաքականությունը չի փոխվի:

Հիշեցնենք, որ ըստ վրացական «Գռուզիա Online» կայքի, Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը 2007 թվականին մեղադրվել է լրտեսության մեջ եւ արտաքսվել Վրաստանից:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am