Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի՝ այդ ոլորտում ստուգումներ պետք է իրականացվեն ոչ թե ստուգումների մասին օրենքով սահմանված ձեւով, այլ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Օրենսդրական փաթեթին համաձայնություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստուգումները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները, թեստերը պետք է իրականացվեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թ. Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի եւ դրանից բխող՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներով, մեթոդաբանությամբ եւ ընթացակարգերով; Այսպիսով՝ ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի միջեւ հակասություն էր առաջացել: