Չի բացառվում, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելի Հոկտեմբերի 27-ի ոճրագործ, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին,գրում է «Ժամանակ» թերթը։
«Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Անդրադառնալով ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի ավելի վաղ հայտնած մտավախությանը, թե առաջիկայում հնարավոր է իշխանություններն ազատվեն Նաիրի Հունանյանից՝ նա ասաց, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոչ միայն ահազանգերով է առաջնորդվում, այլեւ սեփական նախաձեռնությամբ հաճախ այցեր է կազմակերպում քրեակատարողական հիմնարկներ:
Ուստի, նրա խոսքերով, հնարավոր է վաղը ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները ծանոթանան Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, թե հնարավոր է Նաիրի Հունանյանին քրեակատարողական հիմնարկում վերացնեն ու այցելեն նրան:
Ն. Կարմիրշալյանն ասաց, որ հնարավոր է նաեւ զանգով փորձեն պարզել դատապարտյալի անվտանգությունը: Թե ինչ ընթացք կտրվի ԱԱԾ պետի նախկին տեղակալի հայտարարությանն, ըստ ՄԻՊ խոսնակի, պարզ կլինի վաղը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն էր հայտնել, որ առաջիկայում իշխանությունները Նաիրի Հունանյանից կազատվեն: Ըստ նրա՝ չի բացառվում, որ Նաիրիին քրեակատարողական հիմնարկում վերացնեն: Նա իր այս հայտարարությունը բացատրել էր իր սեփական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանբ»,- գրում է «Ժամանակը»։




























