Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությունն առեւտուր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ դա ոչ մի բանով չի տարբերվում 2008 թվականին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի առեւտրից: «Առեւտուրը մնում է առեւտուր, անկախ նրանից 1 պաշտոն կուզեն, թե՝ 5: Եթե չես ընդունում իշխանությունը, եթե իշխանության դեմ պայքարում ես, չպետք է գնաս գործարքի: Դա է իմ կարծիքը»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա չի կարծում, որ այս նամակագրությունը քաղաքական կատեգորիա է: «Սա ձեւ է ինչ-որ համաձայնության գալու, բայց այդ համաձայնությունը այն նոր Հայաստանի մեջ չի տեղավորվում, որի մասին ասում էր Րաֆֆին: Փաստորեն ինքը տեղավորվում է հին Հայաստանի մեջ: Կարգախոսը խախտվում է»,- նկատեց Տիգրան Կարապետյանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի միջեւ կոալացիա կազմելու հավանականությանը, ասաց. «Դե, եթե ուզում են ԲՀԿ-ին հետ գցեն առաջ քաշեն Րաֆֆին, հնարավոր է: Դա կտեսնենք Երեւանի ավագանու ընտրություններում»:




























