Միայնակ տաքսիստների համար պարզ արտոնագրի մասին օրինագիծը չի ուրախացնում, այլ մտահոգում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին տաքսիստները, որոնք հավաքվել էին Երեւանի տաքսապարկերից մեկում: Նրանք բողոքի ակցիա էին անում ընդդեմ կառավարության որոշման:

Ցուցարարների հետ զրուցելու էր ժամանել նաեւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը. «Մենք արդեն բացատրել ենք, նոր օրենքով դուք ոչինչ չեք կորցնում: Ձեզնից ամենօրյա բուժ- եւ տեխսպասարկում պահանջե՞լ են: Այդ ամենը գումար արժե, իսկ այժմ չեղյալ ենք հայտարարել ձեր շահերից ելնելով: Ինչո՞ւ եք ուրեմն դժգոհում: Իսկ դեղին համարները հանում ենք, ու դրա համար էլ այլեւս վճարելու կարիք չեք ունենա»,- ասել է նա:

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը հակադարձեց, որ դեղին համարները չեղյալ հայտարարելու դեպքում կշահեն ապօրինի աշխատողները, ժարգոնով ասած` «գրդոն անողները»: «Ինչո՞ւ նրանք, որ որեւէ տեղ չեն գրանցվել, երթեւեկում էին առանց դեղին համարների, ոչինչ չէին վճարում: Ինչո՞վ ենք մենք պակաս: Իսկ մենք նրանց համար 17 հազար ենք  վճարել: Արդա՞ր է դա»: Պատասխանը` լի էր հումանիզմով. «Այսինքն, դուք նախանձո՞ւմ եք: Չեն վճարել, ուրեմն ձեր թշնամինե՞րն են դարձել: Նրանք ձեր հայրենակիցներն են: Իրենց մեքենաներով հացի փող են վաստակում»:

Տաքսիստները դժգոհում էին ոչ միայն դեղին համարների համար: Միանվագ վճարը` 17 հազար դրամ, թեեւ մեծ գումար է նրանց համար, սակայն ամենամեծ ծախսը չէ: Երբ 2010թ. կառավարությունը մեքենաների համար առավելագույն տարիք սահմանեց 10 տարին, հին մեքենաների վարորդները ստիպված եղան վարկով նոր մեքենաներ գնել: «Պարտքերի տակ ընկանք, նոր մեքենաներ գնեցինք: Հիմա էլ ասում եմ` 2012-ի հունիսից արգելքը հանված է.. Իսկ մենք մինչեւ հիմա բանկերին գումար ենք տալիս»,- նշեց մի տաքսիստ, ով ներկայացել էր որպես Սարգիս:

Դժգոհության եւս մեկ առիթ է արտոնյալ վիճակը, որում հայտնվել են ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվողները, իրականում սպիտակ համարներով քշելն ու տուգանքներ վճարելն ավելի ձեռնտու է, քան «դեղին» դաշտում աշխատելը: