Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը 2013 թ. հունվար-փետրվարին սպառողներից ստացել է 22 դիմում-բողոք: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության կայքէջից: Դիմումներից 10-ը ներկայացվել են էլեկտրոնային տարբերակով:
Դիմումատուներից 4-ը դժգոհել են «Տելեմարկետից» գնված դանակների որակից, ինչի արդյունքում նրանց գումարը ետ է վերադարձվել: Սակայն դժգոհությունների ամենամեծ բաժինը պատկանում է զգեստներին ու կոշիկներին: Այսպես՝ դժգոհել են «Լեգենդ», «Բիգ ստեպ» խանութներից, անգամ «Դալմա» հիպերմարկետից:
Հայտնի «Սալամանդր» խանութի կոշիկի որակից նույնպես դժգոհություն է եղել, սակայն այդ բողոքը մերժվել է՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջը հաշվի առնելով:
Որոշ դեպքերում դիմումներին ընթացք չի տրվել ՀԴՄ կտրոնի բացակայության պատճառով: Նման դեպքերում առաջարկվում է դիմել դատարան:
Սակայն ամենաարտառոցը «Ռոբերտո» խանութի դեմ 3 տարի առաջ գնված մուշտակի որակի նկատմամբ դժգոհությունն է: Տեսչությունը տվյալ դեպքում առաջարկել է հարցը լուծել դատական կարգով: Սակայն մեկ այլ դիմումատու ետ է ստացել մուշտակի գումարը՝ «Հրազդան» տոնավաճառից գնված լինելու պարագայում:
Նշենք, որ բողոքներ կան նաեւ բջջային հեռախոսի, նոթբուքի որակի վերաբերյալ: Մի քաղաքացի նույնիսկ դժգոհել է արհեստավորի մոտ հեռուստացույցի նորոգման որակից ու հետ է ստացել գումարը:




























