Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկրի գերակայությունները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպման սկզբում:
«Մենք սատարում ենք այն գերակայությունները, որոնք Ուկրաինայի նախագահությունը ձեւավորել եւ առաջ է տանում: Հուսով ենք, որ ԵԱՀԿ մյուս անդամների հետ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ավելի արդյունավետ կերպով առաջ տանել այս կազմակերպության կերպարանափոխման գործընթացները», - ասել է Լավրովը, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:
Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան հայտնել է, որ Ուկրաինայի գերակայությունները սատարում են կազմակերպության բոլոր անդամները: Ըստ նրա՝ ուկրաինական կողմը մի շարք նախաձեռնություններ է առաջադրել կազմակերպության բոլոր ուղղություններով: «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է քննարկի նաեւ բնապահպանական-տնտեսական բովանդակության, հումանիտար բնագավառի հարցեր, պատրաստվում ենք մարդկանց առեւտուրը կանխարգելող մի շարք միջոցառումներ անցկացնել», - հավելել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են նաեւ միջազգային խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հմնախնդիրը, իրադրությունը Կոսովոյում եւ այլն, հայտնում է АН-online-ը:




























