Սլովենիայում կիբերհարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով չարագործը կարող էր հասանելիություն ստանալ պետական ծառայողների մոտ 15 հազար օգտահաշիվների տվյալներին։ Միջադեպի մասին նոյեմբերի 1-ին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր տեղեկատվական անվտանգության վարչությունը։

«Հայտնում ենք կիբերմիջադեպի մասին, որի ընթացքում չարագործը, օգտագործելով պետական մարմնին պատկանող՝ անվտանգության խախտման ենթարկված վեբսերվերը, չարտոնված հասանելիություն է ստացել պետական կառավարման համակարգի օգտատերերի օգտահաշիվների տվյալներին», — ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Տվյալների ապօրինի օգտագործման վտանգի պատճառով տուժած տեղեկատվական համակարգերի ադմինիստրատորներին հանձնարարվել է անհապաղ վերակայել բոլոր այն օգտահաշիվների գաղտնաբառերը, որոնք կարող էին տուժել հարձակումից։

Ընդհանուր առմամբ, նախնական գնահատականներով, վտանգի տակ են հայտնվել մոտ 15 հազար օգտատերերի տվյալները։