Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսների մեծ մասն ուրբաթ նվազել է, սակայն եվրոպական բաժնետոմսերի շուկան շաբաթն ավարտել է աճով։

Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համահավաք ինդեքսը նվազել է 0,36%-ով՝ հասնելով 646,75 կետի։ Շաբաթվա սկզբից ինդեքսն աճել է 1,7%-ով։

Գերմանական DAX-ը նվազել է 0,85%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,01%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 1,1%-ով։ Միաժամանակ բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,07%-ով։

Շուկայի մասնակիցները գնահատում էին վիճակագրական տվյալներն ու եվրոպական խոշոր ընկերությունների հաշվետվությունները։

Եվրագոտու տնտեսությունը երրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0,4%-ով՝ ըստ Եվրամիության վիճակագրական ծառայության նախնական տվյալների։ Փորձագետները, որոնց միասնական կանխատեսումը ներկայացնում է Trading Economics-ը, ակնկալում էին 0,2% աճ։

Գերմանիայի ՀՆԱ-ն անցած եռամսյակում աճել է 0,2%-ով՝ գերազանցելով շուկայի գնահատականները, մինչդեռ Ֆրանսիայի տնտեսությունը կրճատվել է 0,1%-ով՝ վերլուծաբանների ակնկալած 0,1% աճի փոխարեն։

Ֆրանսիայում ԵՄ չափանիշներին ներդաշնակեցված սպառողական գները հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 3,8%-ով՝ ըստ նախնական տվյալների։ Փորձագետներն ակնկալում էին 3,4% աճ։ Երկրում սպառողական ծախսերը սեպտեմբերին ամսական կտրվածքով նվազել են 0,5%-ով։ Վերլուծաբանները կանխատեսում էին 0,1% աճ։

Միաժամանակ եվրագոտում գործազրկությունը սեպտեմբերին կազմել է 6,5%՝ գերազանցելով շուկայի կանխատեսած 6,4% մակարդակը։ Նախորդ ամսվա տվյալները վերանայվել են դեպի վեր՝ 6,4%-ից հասցվելով 6,5%-ի։

Համաշխարհային շուկաների վրա բացասաբար են ազդել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Amazon-ի և Intel-ի հաշվետվությունները, որոնք կրկին մտահոգություններ են առաջացրել արհեստական բանականության զարգացման մեջ կատարվող խոշորածավալ ներդրումների վերադարձելիության վերաբերյալ։

Այս ֆոնին զգալիորեն նվազում է կիսահաղորդիչների ոլորտի ընկերությունների շուկայական կապիտալիզացիան, այդ թվում՝ Soitec-ի (-9,6%), ASM International-ի (-7,6%), STMicroelectronics-ի (-7,5%), Infineon Technologies-ի (-6,4%), ASML Holding-ի (-6,1%) և BE Semiconductor-ի (-5,7%)։

Բրիտանական NatWest-ի շուկայական արժեքը եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո նվազել է 8,8%-ով։ Բանկը հուլիս-սեպտեմբերին ավելացրել է մինչև հարկումը գործառնական շահույթը, սակայն նրա զուտ շահույթը նվազել է 4,1%-ով, իսկ զուտ տոկոսային մարժան (NIM) շուկայի սպասումներից ցածր է եղել։

Ֆրանսիական Credit Agricole-ի բաժնետոմսերն էժանացել են 2%-ով՝ չնայած բանկի եռամսյակային բարձր արդյունքներին. նրա հասույթն ու զուտ շահույթը գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները։

Stoxx 600-ի կազմում ընդգրկված ընկերությունների շարքում աճի առաջատարը Universal Music Group-ն էր, որի բաժնետոմսերը թանկացել են 7,9%-ով։ Ձայնագրման ընկերության՝ երրորդ եռամսյակում բաժանորդագրություններից ստացած հասույթը զգալիորեն գերազանցել է փորձագետների գնահատականները։ Universal-ը նաև հայտնել է իր շուկայական հատվածներին հավակնող մրցակիցների ճնշման թուլացման մասին։

AstraZeneca-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 7%-ով։ Բրիտանական դեղագործական ընկերությունը հուլիս-սեպտեմբերին ավելացրել է զուտ շահույթը 23%-ով, հասույթը՝ 7%-ով, ընդ որում՝ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։

Puma SE-ի շուկայական արժեքն աճել է 5,6%-ով։ Սպորտային ապրանքների գերմանական արտադրողը երրորդ եռամսյակում կրճատել է զուտ վնասը 12%-ով, հասույթը՝ 5%-ով, սակայն հասույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները։

Sanofi դեղագործական ընկերության բաժնետոմսերը թանկացել են 4,7%-ով։ Ֆրանսիական ընկերությունն անցած եռամսյակում ավելացրել է շահույթը 8%-ով, ինչպես նաև բարելավել է տարեկան կանխատեսումները։

BP Plc-ի բաժնետոմսերը թանկացել են 0,5%-ով։ Նավթային ընկերությունը հայտնել է անցած եռամսյակում զուտ շահույթի քառապատկման մասին։