Մեղրին հպարտությամբ կրեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի բարձր տիտղոսը՝ դառնալով երկխոսության և բարեկամության յուրօրինակ հարթակ։ Այս մասին «Մեղրիի մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը։
Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «2024 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ Մեղրին հայտարարվեց ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք: Այս որոշումը անչափ պարտավորեցնող էր մեզ համար: Այն ոչ միայն հերթական հնարավությունն էր ներկայացնելու հայկական մշակույթը, այլև խթանելու Մեղրի քաղաքի և մարզի ենթակառուցվածքների զարգացումը, աշխուժացնելու մշակութային և զբոսաշրջային կյանքը:
Եվ մենք սկսեցինք։ Միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլին՝ մեծ և բազմաբնույթ միջոցառումներով՝ ծառատունկ, ԱՊՀ երկրների ԱՐՏԷՔՍՊՈ, նամականիշի մարում, բացման հանդիսավոր համերգ։
Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ նախագծեր, որոնց թվում Արհեստների փառատոնը, Տարազֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը Երևանի գրքի արտագնա փառատոնը, Շվանիձորի կերպարվեստի ցուցադրություն-բիեննալեն։
Մեղրիում իրենց մշակութային ծրագրերով ելույթներ են ունեցել նաև նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները:
Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ անցնող ամիսների ընթացքում Հայաստանի արևային և հյուրընկալ անկյունը՝ Մեղրին, հպարտությամբ կրեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի բարձր տիտղոսը՝ դառնալով երկխոսության և բարեկամության յուրօրինակ հարթակ։
Հարգելի ներկաներ, Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 3 տասնյակ միջոցառում և այն ընդգրկել է ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ ապահովել մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիություն։
Այս ծրագիրը մեզ համար ավելին էր, քան պարզապես միջոցառումների շարք, ու թեև այսօր մենք պաշտոնապես փակում ենք Մեղրի մշակութային մայրաքաղաք ծրագրի էջը,համոզված եմ, որ այն իր խորը հետքը թողեց Ձեր սրտերում և իրապես նպաստեց Մեղրիում մշակութային կյանքի ակտիվացմանը, ստեղծարար ներուժի բացահայտմանը՝ բացելով նոր հեռանկարներ հետագա համագործակցության համար, ձևավորելով նոր ստեղծագործական ու մշակութային կամուրջներ:
Սիրելի ներկաներ, մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվեց Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Վերջինս կարևոր հարթակ է մեր երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հիմնադրամին և նրա Գործադիր տնօրինությանը ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:
Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ՝ ներշնչելու, միավորելու և արժանիորեն ներկայացնելու հայկական մշակույթը միջազգային հարթակներում։
Հարգելի հյուրեր, եզրափակելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ այս գեղեցիկ ճանապարհը միասին անցնելու համար։ Դուք նկատեցիք, որ եզրափակիչ համերգին ներկա էին ստեղծագործական պատվիրակություններ Ռուսաստանից, Ղրղզստանից, Բելաոռւսից, Տաջիկստանից և Ուզբեկտսանից։ Հետևաբար, մենք իսկապես հաջողել ենք մեր առաքելության մեջ՝ մշակույթի միջոցով մերձեցնելով մարդկանց։
Սակայն մեզ սպասում է նաև մի արարողակարգային հանդիսավոր արարողություն։ Մեր երեկոյին ներկա է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայան, և դա պատահական չէ։ 2027 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրն իրականացվելու է հենց այս քաղաքում։ Ուզում եմ մաղթել Մոլոդեչնոյին հաջող ընթացք և որպես հուշանվեր հանձնել այս փոքրիկ կտավը, որը խորհրդանշում է արևը` այս դեպքում նաև մշակութային շրջապտույտը։


























