Ռուսաստանը նախազգուշացրել է զերծ մնալ Կորեական թերակղզում միակողմանի գործողություններից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մեզ անհանգստացնում է, որ ՄԱԿ ԱԽ ադեկվատ, համատեղ արձագանքից հետո ռազմական ակտիվության աճի միակողմանի գործողություններ են իրականացվում: Մենք կարող ենք պարզապես ձեռքից բաց թողնել վերահսկողությունը, այն կմտնի արատավոր շղթայի մեջ»,- ասել է Լավրովը, հայտնում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ իրավիճակը Կորեական թերակղզում սրվում է արդեն մի քանի շաբաթ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցության արդյունքում ստորագրել է ԱՄՆ մայրցամաքային, Հավայներում, Գուամում եւ Հարավային Կորեայում գտնվող ռազմակայաններին հարվածելու ծրագիրը: Նման միջոցներ են ձեռնարկվել ի պատասխան մայիսի 28-ին տեղի ունեցած Foal Eagle զորավարժությունների, երբ ԱՄն երկու ռազմավարական կործանիչներ ուսումնական հարվածներ են հասցրել Հարավային Կորեայի պոլիգոններում:




























