Հայկական կողմն ուշադիր հետեւում է իրավիճակին, որը սրվել է Կորեական թերակղզում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի դիվանագիտական աղբյուրը։
Ըստ նրա՝ առայժմ Հայաստանի քաղաքացիներին կամ ազգությամբ հայերին Հյուսիսային կամ Հարավային Կորեայից տարհանելու մասին խոսք չկա։ «Իրավիճակի հետագա սրացման դեպքում հայկական կողմն օգնություն կցուցաբերի իր քաղաքացիներին», - ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։
Նշենք, որ Հարավային Կորեայում հայ համայնք է ապրում, կան տեղեկություններ նաեւ ԿԺԴՀ-ում ապրող ՀՀ քաղաքացիների մասին:
Մարտի սկզբին Փհենյանն ի նշան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի հրաժարվել էր Սեուլի հետ չհարձակման եւ միջուկազերծման մասին բոլոր համաձայնագրերից, նաեւ ուժը կորցրած էր ճանաչել 50 տարի առաջ կնքված համաձայնագիրը։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան սպառնացել էր միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին։
Մարտի 29-ի գիշերը Կիմ Չեն Ընը հրաման էր ստորագրել հրթիռային զորքերը պատրաստականության վիճակի բերելու մասին՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմակայաններին հարվածելու համար։ Ավելի ուշ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ Փհենյանի հրթիռային օբյեկտներում բարձր ակտիվություն է նկատվում։




























